15/12/2019 11:27
«Ոսկե Դուբլ». «Արարատ 73»-ի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում
2019-ի ամռանը «APCinema» կինոընկերությունը սկսել է «Ոսկե դուբլ» աշխատանքային անվանումով մեծ կինոնախագծի իրականացումը։ Դա լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է` նվիրված լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմին, որը 1973-ին դրամատիկ պայքարում նավճեց ԽՍՀՄ չեմպիոնի ոսկե մեդալն ու ԽՍՀՄ Գավաթը։
ԽՍՀՄ գավաթի վերջին հանդիպումը, որը կայացել է 1973-ի հոկտեմբերի 10-ին` «Լուժնիկի» մարզադաշտում, հիշարժան է իր անհավանական ընթացքով և համարվում է խորհրդային ֆուտբոլի ամենադրամատիկ եզրափակիչներից մեկը։ «Արարատ»-ի սպորտային հաղթանակը մեծ արձագանք ստացավ և դարձավ խորհրդային սպորտի վառ էջերից մեկը. առաջին անգամ հայաստանյան թիմը բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին՝ կարողանալով հաղթել այն տարիների անվիճելի առաջատար Կիևի «Դինամո»-ին:
Իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմը թույլ կտա հանդիսատեսին ընկղմվել 1970-ականների մթնոլորտի մեջ, հետևել անզիջում ֆուտբոլային պայքարի վայրիվերումներին, ծանոթանալ խորհրդային սպորտի ստվերային կողմին, դրամատիկ պահեր ապրել հերոսների՝ ֆուտբոլային կուռքեր Նիկիտա Սիմոնյանի, Արկադի Անդրեասյանի, Լևոն Իշտոյանի և մյուսների հետ։
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են մարզական խառնվածքը, իրական վարպետությունն ու թիմային ոգին հաղթել հզոր կուսակցական և վարչական համակարգին, որն անսահմանափակ ռեսուրսներ ունի։
Արդեն սկզբնական փուլում «Ոսկե դուբլ» նախագիծը մեծ հանրային արձագանք ստացավ, քանի որ անդրադառնում է մի թեմայի, որի հետ վառ, անմոռանալի հույզեր են կապված, ինչպես նաև հիշողություններ մի տոնի մասին, որը երկրպագուներին նվիրեց «Արարատ» թիմը։
Այդ իրադարձությունների անմիջական մասնակիցները՝ ֆուտբոլիստները, մարզիչները և երկրպագուները, դարձան նախագծի խորհրդատուները՝ ակտիվորեն նպաստելով դրա իրականացմանը։
Կինոյի ոլորտի պրոֆեսիոնալները տարբեր երկրներից, որոնք մասշտաբային սպորտային դրամաների («Շարժում դեպի վեր», «Լեգենդ թիվ 17» և այլ) ստեղծման փորձ ունեն, արդեն արձագանքել են մասնակցության հրավերին և սկսել են աշխատանքը նախագծի վրա։ Մասնագետները գրում են սցենարը, 2020-ի գարնանը դերասանների քասթինգ է նախատեսված ՌԴ-ում, Հայաստանում և Ուկրաինայում, իսկ 2020-ի ամռանը կսկսվեն նկարահանումները։