16/12/2019 17:12
Պատրաստ ենք պայքարի, շարունակելու ենք մինչև վերջ, մինչև որ արդարությունը վերականգնվի. Լևոն Քոչարյան
Առողջական լուրջ խնդիրներ չկան, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով հոր առողջական վիճակի մասին։
«Հետվիրահատական որոշ բաներ պետք է արվեր, լուրջ բան չկա», - ասաց նա։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին հետվիրահատական բուժզննում է անցնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
«Որոշվել է առաջիկա օրերին շարունակել Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում», - Aysor.am-ին ասել էին երկրորդ նախագահի գրասենյակից։
Քոչարյանի որդին ասաց, որ տեղյակ չէ՝ ինչու փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որ այսօրվա դատական նիստի մի հատված լինի դռնփակ։
«Ինձ համար անակնկալ էր», - ասաց Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այս գործով իշխանությունը հստակ թելադրել է իր ցանկությունը։
«Բոլորը դա գիտեն, կա նաև Դավիթ Գրիգորյանի օրինակը, ավելի մեծ ճնշում, քան դա, երևի թե, չկա», - ասաց Լ. Քոչարյանը։
Երկրորդ նախագահի որդին նշեց՝ խնդիր չեն տեսնում նրանում, որ Քոչարյանն Ամանորը դիմավորելու է կալանավայրում։
«Պայքար է, պայքարի մեջ ենք, հասկանում ենք, որ իշխանությունն իր կամքն է թելադրում ու դատական համակարգի մի մասը դեռևս ենթարկվում է էդ ամեն ինչին։ Պատրաստ ենք պայքարի, շարունակելու ենք մինչև վերջ, մինչև որ արդարությունը վերականգնվի», - ասաց Լևոն Քոչարյանը։