16/12/2019 15:40
Մովսես Դեմիրճյան. Հեղափոխությունն ավարտվել է, բարեփոխումների ժամանակն է (Տեսանյութ)
«Եթե հեղափոխությունը քաղաքական պրոցես է, ապա այն Հայաստանում ավարտվել է», - այս մասին Aysor.am-ի «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Հայաստանում հեղափոխությունից հետո հասարակական-քաղաքական գործընթացների առանձնահատկություններին, ասել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանը։
«Եթե հեղափոխությունը քաղաքական պրոցես է, երևույթ է, ապա այն Հայաստանում ավարտվել է, և իշխանության կողմից հռչակվող հեղափոխությունը տնտեսության, կրթության, մշակույթի ոլորտում, մի քիչ անհասկանալի է, որովհետև կրթությունն էլ, մշակույթն էլ կոնսերվատիվ համակարգեր են։ Այնտեղ պետք է քայլ առ քայլ փոփոխություններ անել, բարեփոխումներ, ոչ թե հեղափոխություն։ Որովհետև եթե քաղաքականության մեջ մեկ օրով է այդ խնդիրը լուծվում, ապա կրթության, մշակույթի ոլորտում դա հնարավոր չի, որովհետև հնարավոր չի մարդկանց ասել՝ այսօր մենք ունենք այս բարոյականությունը, վաղը առավոտից ունենք ուրիշ բարոյականություն, այսօր սա ենք սովորում, ճիշտ համարում, վաղը սա սխալ ենք համարում, սա ենք սովորում։ Դա հնարավոր չի անել։ Դրա համար, երևի թե, պետք է խոսել նրա մասին, որ մյուս փուլերում հեղափոխության փոխարեն պետք է ունենանք բարեփոխումներ։ Իհարկե պետք է դրանք շատ արագ անել սպասելիքներին համապատասխանելու համար, Հայաստանի հասարակության և պետության առաջ կանգնած մարտհրավերների համար, բայց չխոսել հեղափոխության մասին, այլ խոսել արագ ընթացող բարեփոխումների մասին», - ասել է Դեմիրճյանը։
Նա նաև ավելացրել է, որ իշխանությունը պետք է աշխատի սպասումները, ակնկալիքները հնարավորինս իրացնել, որպեսզի դրանք կոմպենսացնեն հիասթափությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։