16/12/2019 20:27
Էստոնիայի ղեկավարը ներողություն է խնդրել Ֆինլանդիայի վարչապետին վիրավորած նախարարի պատճառով
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել ՆԳՆ ղեկավար Մարտ Հելմեի խոսքերի համար, որը Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին անվանել էր «վաճառողուհի», հայտնում է ֆին ղեկավարի աշխատակազմը:
Էստոնիայի ներքին գործերի նախարար, Պահպանողական ազգային կուսակցության նախագահ Մարտ Հելմեն կիրակի TRE Raadio ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Սաննա Մարինի նշանակումը Ֆինլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում՝ նշելով, որ «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետ»:
«Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին Էստոնիայի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել: Նախագահ Կալյուլայդը ներողություն է խնդրել Էստոնիայի ՆԳ նախարար Մարտ Հելմեի տված հարցազրույցի համար: Նախագահ Կալյուլայդի խնդրանքով Ֆինլանդիայի նախագահը փոխանցել է ներողությունը Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին և Ֆինլանդիայի կառավարությանը», - ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: