16/12/2019 20:10
Չինաստանի ԱԳՆ-ն դեռ չի հաստատել ԱՄՆ-ի հետ գործարքի կնքման հնարավորությունը
Չինաստանը դեռևս չի հաստատում ամերիկյան կողմի հայտարարությունն այն մասին, թե առևտրական համաձայնագրի առաջին մասի ստորագրումը կկայանա արդեն հաջորդ ամսին։ Երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Անցյալ ուրբաթ Չինաստանը և ԱՄՆ-ն հայտարարել են, որ համաձայնեցրել են առևտրական համաձայնագրի առաջին մասի տեքստը: Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են միմայնց նկատմամբ չսահմանել նոր մաքսեր, որոնք պետք է ուժի մեջ մտնեին կիրակի: Այդ օրը ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրական գործարքի առաջին փուլի ստորագրումը կկայանա 2020 թվականի հունվարի սկզբին:
«Այս պահին Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է ավարտեն պարտադիր իրավաբանական ընթացակարգերը և փաստաթղթերի թարգմանությունը, դրանից հետո մենք ստույգ վայրի և օրվա մասին որոշում կընդունենք համաձայնագրի ստորագրման համար»,- հայտարարել է դիվանագետը։
Նա ավելացրել է, որ երկու երկրների աշխատնքային խմբերը շարունակում են կոնսուլտացիաները, համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին: