16/12/2019 12:19
Վաշինգտոնը պատասխանել է Էրդողանին՝ ԱՄՆ-ի համար բազաների փակման վերաբերյալ
ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմակայաններն օգտագործում է միայն Անկարայի թույլտվությամբ: Այսպես է Պենտագոնն արձագանքել երկրի ռազմակայաններից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքին, հայտնում է ТАСС-ը:
Ամերիկյան ռազմական գերատեսչությունում նշել են, որ Թուրքիայում ԱՄՆ-ի ուժերի կարգավիճակը դիտում են որպես «ՆԱՏՕ-ի գծով համագործակցության և ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին պաշտպանելու բազմամյա հանձնառության խորհրդանիշ»: Բացի այդ, ԱՄՆ ՊՆ-ն ձգտում է պահպանել այդ հարաբերությունները՝ «Թուրքիային կոչ անելով կառուցողական քաղաքականություն վարելու տարաձայնությունների հարցում», հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Դեկտեմբերի 15-ին Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանվելու դեպքում Անկարան կարող է ԱՄՆ-ի համար փակել Ինջիռլիքի ավիաբազան , որտեղ պահվում են ամերիկյան B61 միջուկային ռումբեր, եւ Քյուրեջիք ռազմակայանը, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասն է: