16/12/2019 10:18
Էրդողանը սպառնացել է Վաշինգտոնին ճանաչել Ամերիկայի հնդկացիների ցեղասպանությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական խորհրդարանը կարող է Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի:
ԱՄՆ Սենատը հինգշաբթի միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև; Բանաձևն ընդգծում է` ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։
«Մենք միլիոնից ավելի փաստաթուղթ ենք բացել 1915 թ. դեպքերի վերաբերյալ: Եկե'ք, ուսումնասիրե'ք: Մենք փաստերով ենք խոսում: Մենք էլ մեր խորհրդարանի որոշումներով ձեր դեմ հանդես կգանք: Արդյոք կարելի է, խոսելով Ամերիկայից, լռել հնդկացիների մասին. դա ԱՄՆ-ի պատմության խայտառակ էջն է»,- A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Էրդողանը: