17/12/2019 13:38
ԼՀԿ-ն բարձր է գնահատում Խաժակյանի աշխատանքը, բայց ցանկանում է հանել ավագանու կազմից
ԼՀԿ մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու հարց է առաջացել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
««Լույս» խմբակցությունում ԼՀԿ-ն մեկ ներկայացուցիչ ունի: Եթե ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք հանդես գալ ավագանիում», - ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ երեկվա ավագանու ելույթներից հետո պիտի ԼՀԿ-ն հանդես գար հայտարարությամբ, հետևաբար սա էլ արձագանքն էր:
Ճշտող հարցին, թե ինչի՞ մասին է խոսքը, Մարուքյանն ասաց, որ երեկ Խաժակյանը ավագանու ամբիոնից ներկայացրել է պաշտոնեական կեղծիքի մասին բացահայտումներ, մինչդեռ լրատվամիջոցները դա լուսաբանելու փոխարեն լուսաբանել են քաղաքապետի ծաղրական արձագանքը:
«Ձեռքառնելու արձագանքն է լուսաբանվում, դրանից հետո արված աշխատանքը կորչում է: Եթե չկա այդ աշխատանքը, եթե քաղաքացիները չեն տեսնում այդ աշխատանքը, չկա այդ ընկալումը, արդյոք անհրաժեշտ է, որ մենք այնտեղ շարունակենք աշխատել», - ասաց Մարուքյանը:
Միևնույն ժամանակ Մարուքյանը նկատեց, որ քաղաքապետը ծաղրում է ավագանու անդամներին:
ԼՀԿ փոխնախագահ Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ «Լույս» խմբակցությունը քաղաքապետարանում շեղվում է կուսակցության քաղաքական գծից:
«Պետք է հասկանանք՝ որքանով է նպատակահարմար շարունակել անդամակցությունը, որովհետև պիտի կարողանանք կրել պատասխանատվություն մի բանի համար, որի հետ կուսակցությունը համաձայն չէ», - ասաց Թադիլյանը:
Նա նկատեց, որ ԼՀԿ-ն բարձր է գնահատում Դավիթ Խաժակյանի աշխատանքը, նրա գործունեությունից դժգոհ չեն՝ նկատելով.
«Խմբակցությունն այլ որակական հատկանիշներ է ցույց տալիս, որի համար մենք չենք կարող կրել պատասխանատվություն»:
Հիշեցնենք, որ «Լույս» խմբակցության կազմում բացի Խաժակյանից, Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանն են, որոնք ԼՀԿ անդամ չեն: