17/12/2019 11:13
ՊԵԿ-ից արձագանքում են՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները թիրախային չեն
ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը բացառում է տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները։
«Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի, և ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացվեն։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան օօրենսդրական պահանջների առկայություն, նոր միայն դրանից հետո հնարավոր է լինում ստուգումների իրականացում», - Պետական եկամուտների կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՊԵԿ փոխնախագահը՝ արձագանքելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ են իրականացվում։
Հիշեցնենք՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Էս երկրում մենակ Ծառուկյա՞նն ա սեփականատեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն, իրեն ցավն էլ տանեմ, ստուգում են, թող ստուգեն»։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց.
«Եթե կան այլ տնտեսվարողներ, ովքեր ունեն բազմաթիվ բիզնեսներ և դրանք խոշոր հարկ վճարող են, տրամաբանորեն այդ ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում»։