17/12/2019 10:02
«Հրապարակ». Հայկ Սարգսյանը մոտ 70 նորմատիվային ակտ է ընդունել քաղաքապետի անունից, ինչի իրավունքը չուներ
«Հրապարակ» թերթը գրում է, որ Երևանի ավագանու նոյեմբերի 26-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բանավոր դիմել էր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների գերազանցման հետ կապված:
Նա ասել էր, որ Հայկ Մարությանի բացակայության ժամանակ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մոտ 70 նորմատիվային ակտ է ընդունել՝ քաղաքապետի անունից, ինչն անելու իրավունքը չուներ, քանի որ նման որոշումներ կարող է ընդունել կա՛մ ինքը՝ քաղաքապետը, կա՛մ նրա բացակայությամբ՝ քաղաքապետի առաջին տեղակալը։
Երեկ Երևանի ավագանու նիստին Խաժակյանը հայտարարել է, որ պատրաստ է դատախազությանը նյութեր տրամադրել՝ իր ասածն ապացուցող։ «Եթե համարում եք, որ սուտ տեղեկություն եմ տարածում, կարող եք զրպարտելու համար դատի տալ», - ասել է նա: