17/12/2019 16:12
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայի և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված հարցեր
Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իլհամ Ալիևի հետ համատեղ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այսօրվա զրույցի կարևոր թեման է ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումը: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք միմյանց մշտապես աջակցում ենք մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ համատեղ աշխատանքն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ միջազգային հարթակներում:
«Այդ ամենը հաստատում է մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, մեր պետությունները ցուցաբերում են մոտ դիրքորոշումներ բազմաթիվ հարցերում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ գլոբալ մակարդակով», - ավելացրել է Զելենսկին: