18/12/2019 14:34
Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում մնալն առաջին հերթին պետք է երևանցիներին. Կարեն Քոչարյան
Կարծում եմ՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պետք է մնա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Թեև ես Դավիթ Խաժակյանին անձամբ չեմ ճանաչում, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իմ 25 տարվա ընկերն է, դա չի խանգարում ասել, որ 65 հոգուց բաղկացած ավագանիում ընդամենը 3-4 խոսող անձ կա։ Ավագանու խոսող ամենավառ կերպարներից մեկը Դավիթ Խաժակյանն է։ Դրա համար էլ կարծում եմ, որ նա պետք է մնա։ Դա առաջին հերթին պետք է ոչ թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն, այլ հենց երևանցիներին»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը։
Հարցին՝ կկարողանա՞ Դավիթ Խաժակյանը դիմակայել հարազատ կուսակցությանը և շարունակել աշխատել, Կարեն Քոչարյանն ասեց, որ հստակ պատասխան չունի, դա միայն ժամանակը ցույց կտա։
Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանին մանդատը վայր չդնելու հորդորով հանդես էին եկել ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Իսկ ահա Խաժակյանի գործընկերուհիներից Թեհմինա Վարդանյանը վստահություն էր հայտնել, որ նա չի լքի «Լույս» խմբակցության ղեկավարի պաշտոնը։