18/12/2019 12:59
Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստեղծված հանձնախումբը հանդիպումներ կանցկացնի դեսպանների և միջազգային կառույցների հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստեղծված հանձնախումբը, որի ձևավորման մասին հայտարարեց դրա համակարգող Աղվան Վարդանյանը, նախատեսում է հանդիպումներ մի շարք օղակների հետ։
«Դրանք կլինեն դատական համակարգի ներկայացուցիչներ, ԲԴԽ-ի ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպան, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ», - մամուլի ասուլիսին հայտարարեց Աղվան Վարդանյանը։
Նա նշեց, թե արդեն ծրագրել են աշխատանք կատարել տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։
«Ամեն օր գաղափարներ, առաջարկներ կլինեն։ Ընդամենը երեկ ենք հայտարարել այս ասուլիսի մասին, ինձ տասնյակ մարդիկ են զանգահարում, թե ինչով կարող ենք աջակցել, ինչ կարող ենք անել։ Ակնկալում ենք, որ իշխանությունն ի վերջո կգիտակցի այս քաղաքական հալածանքի անհեռանկար լինելը և կփորձի ինքն իրեն նաև դուրս բերել այդ վիճակից», - նշեց Աղվան Վարդանյանը։