18/12/2019 13:56
Գրեթե վստահ եմ, որ Դավիթ Խաժակյանը կմնա. Թեհմինա Վարդանյան
Կոչ անելու կարիք չկա, որովհետև ի սկզբանե չեմ հավատացել, որ Դավիթ Խաժակյանը մանդատը վայր է դնելու։ Ես գրեթե վստահ եմ, որ նա կմնա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
«Ես չգիտեմ, թե ինչին է միտված և ինչ ֆարս է «Լուսավոր Հայաստան» կուսակցության տեսակետը։ Ես չեմ էլ մտածել, որ պարոն Խաժակյանը վայր է դնելու մանդատը։ Նա մեր գործընկերն է, և մենք կցանկանայինք շարունակել նրա հետ աշխատել։ Գիտեք, եթե պարոն Խաժակյանը ցանկություն չունենար մնալ ավագանիում, ուղղակիորեն դուրս կգար. այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Եթե նա չցանկանար մնալ, կդներ մանդատը և դուրս կգար, և այս արհեստական աղմուկը, կեղծ օրակարգը չէին լինի», - ասաց Թեհմինա Վարդանյանը։
Հարցին՝ եթե Դավիթ Խաժակյանն, այնուամենայնիվ, ավագանուց հեռանալու որոշում կայացնի, ի՞նչ կկորցնեն երևանցիներն ու անձամբ իրենց թիմը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Միանշանակ կկորցնենք ավագանու ուժեղ անդամի, ուժեղ ընդդիմադիր անդամի։ Քաղաքապետը կամ նրա թիմը երբեմն սրտնեղում են ընդդիմության կոշտ քննադատություններից, բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ նրանց հիշեցնել՝ ընդդիմությունը քաղաքապետի գլուխը շոյելու համար չէ։ Ընդդիմությունը խնդիրներ բարձրացնելու համար է։ Եթե քաղաքապետն ուզում է իրեն շոյված զգալ, դրա համար նա ունի ավագանու այլ անդամներ»։