18/12/2019 10:02
«Ժողովուրդ». Չարաշահում. 6 տղամարդ ստացել է մայրության նպաստ` մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, և օրաթերթը տեղեկացել է՝ արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ: Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել է 6 արական սեռի անձ, որոնք ստացել են մայրության նպաստ` մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով:
Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում և ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սեռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ: Բացահայտվել են նաև մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Օրինակ` թվով 6 անձ ստացել է 103 թաղման նպաստ` 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում, 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ` 13.8 մլն դրամ, 1 անձը` 17 նպաստ` 3.4 մլն դրամ, 1 անձը` թվով 5 նպաստ` 1 մլն դրամ, 3 անձ` 4-ական նպաստներ` 800 հազար դրամ:
Թերթը տեղեկացնում է, որ անցած տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը տարեսկզբից մինչև մայիսի 12-ը զբաղեցրել է Արտեմ Ասատրյանը, թավշյա հեղափոխությունից հետո նրան փոխարինել է Մանե Թանդիլյանը: Իսկ սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը անցած տարվա ընթացքում զբաղեցրել ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, ում հունիսի 15-ին փոխարինել է այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը: