18/12/2019 10:41
Ջոնսոնը բրիտանացի նախարարներին արգելել է մեկնել Դավոսի տնտեսական համաժողով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն արգելել է նախարարներին այցելել Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ), որը տեղի է ունենալու 2020 թվականի հունվարի 21-ից 24-ը Դավոսում՝ կապված ընտրողների շրջանում կուսակցության դիրքերն ամրապնդելու ցանկությանը: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով Դաունինգ սթրիթին, 10-ում վարչապետի դիվանատան աղբյուրներ:
Ջոնսոնն ինքը նույնպես հրաժարվել է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելուց: Հրատարակության աղբյուրների խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկություն է հայտնել «կենտրոնանալու բրիտանացի ժողովրդի առաջնահերթությունների վրա»:
«Հիմնական ուշադրությունը կնվիրվի մինչև հունվարի 31-ը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորության ապահովմանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի (իրադրությանը), - հավելել է թերթի զրուցակիցը:- Մենք (բրիտանացի ժողովրդին) դա ենք խոստացել, այլ ոչ թե ուղևորություն Դավոս»: