18/12/2019 17:54
Իրանը տարածաշրջանում լարվածության աճն օտարերկրյա միջամտությամբ է բացատրել
Մերձավոր Արևելքի երկրներում լարվածության աճ են հրահրում օտարերկրյա պետությունները, որոնք օժանդակում են ահաբեկչական կազմակերպություններին: Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
«Մեզ հարկավոր է քաջ գիտակցել, որտեղից են գալիս այնպիսի մի չարիքի արմատներն, ինչպիսին ահաբեկչությունն է: Մենք հիանալի հասկանում ենք, որ դրսից այս տարածաշրջան են գալիս օտարերկրյա ուժեր, որոնք ոչ միայն նպաստում են ահաբեկչության ծավալմանն, այլև զենք են մատակարարում գրոհայիններին», - ասել է Շամխանին՝ բացելով անվտանգության խորհուրդների քարտուղարների և ազգային անվտանգության հարցերով խորհրդականների բազմակողմ հանդիպումը:
Նա հայտարարել է, որ մեկ տարի առաջ կայացած վերջին համանման հանդիպումից հետո Մերձավոր Արևելքում տեղի են ունեցել ոչ քիչ իրադարձություններ, որոնք սպառնացել են տարածաշրջանի պետությունների անվտանգությանն ու կայունությանը:
«Մեր տարածաշրջանում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն այն դժբախտությունն ու չարիքն են, որոնք շարունակվում են և, ցավոք, սպառնում մեր ընդհանուր խաղաղությանն ու կայունությանն այս տարածաշրջանում: Մենք այլ ելք չունենք, քան համատեղ աշխատելն ու համագործակցելն այդ ոլորտում», - ասել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը: