18/12/2019 16:24
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրեց Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։
Պաշտպանը հարցականի տակ դրեց այն, թե արդյոք դատարանը վերաբերելի և բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու համար։ Հայկ Ալումյանը նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը՝ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար։
«Մեր վերաքննիչ բողոքը վերաբերում է նրան, թե արդյոք առաջին ատյանի դատարանի որոշումն, այն ձևակերպումներով, որոնք առկա են բոլորիս մոտ, կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին», - ասաց Հայկ Ալումյանն, ընդգծելով, որ վերաքննիչ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել հարցը, թե ընդհանուր առմամբ գրավ պե՞տք է կիրառել, թե՞՝ չէ։
Գրավի ընդունելի չափը պաշտպանական կողմը թողել է դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Նշենք, որ վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին։