19/12/2019 11:37
Ռազմիկ Աբրահամյանին և մյուսներին վաղը կամ մյուս օրը կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ. ՔԿ նախագահ (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նորածինների ապօրինի որդեգրման դեպքերին:
Նա նշեց, որ երբ ահազանգեր էին ստանում և խորհրդակցություն անցկացնում այս հարցերի շուրջ, չէին կարող մտածել, որ նման բացահայտումներ կլինեն:
«Անկեղծ ասած, մարդկայնորեն գուցե չէի կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահին ունենք ձերբակալված անձիք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել և մարդը մեղավոր է միայն դատարանի որոշմամբ, բայց, այնուամենայնիվ, եթե նման գործողություններ արվել են, դա նշանակում է՝ կան կասկածելու հիմքեր», - ասաց նա:
Վարչապետը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ կասկածները դառնալու են մեղադրանք առաջադրելու որոշում:
Քննչական կոմիտեի նախագահն էլ ասաց, որ երկու շաբաթ առաջ մեկ հոգի այս գործով ձերբակալվել է և երեկ էլ չորս անձ է ձերբակալվել:
«Ապացույցների համակցությունը բավարար է այս պահին մեղադրանք առաջադրելու՝ 167 հոդվածի երկրորդ մասով, որն է՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը: Ունենք բավարար ապացույցների համակցություն, գործով կատարվել են մի շարք խուզարկություններ և սկսած այդ անձանց պաշտոնավորման օրվանից՝ 2012 թվականից առ այսօր բոլոր փաստաթղթերը առգրավվել են, ենթարկվելու են մանրակրկիտ զննության, ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ», - ասաց Հայկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ վաղը կամ մյուս օրը կառաջարդվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ:
Վարչապետը հասկանալի համարեց, որ այդ գործը էմոցիոնալ արձագանք է առաջացրել, բայց կարևորեց, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների:
«Կարևոր է հասկանալ, թե ինչպես է պատահում և պատահել, որ ՀՀ-ում նման մեխանիզմ կարող է լինել և գործել: Այդ մեխանիզմը բավական երկար ժամանակ է գործել և մենք պետք է իսկապես խնդիր դնենք գործի ամբողջական քննությունն իրականացնելու համար, որ բոլոր մետաստազներով բացահայտվի: Ուզում եմ խոստովանել, որ շատ դեպքում ստացած ահազանգերը, ճիշտն ասած, երբեմն ոչ այդքան ադեկվատ, էմոցիոնալ պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց գուցե մեր գնահատականը այդքան էլ ճիշտ չի եղել», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ բոլոր կասկածները պետք է փարատվեն և իսկապես արձանագրվի, որ այդ ամոթալի էջը փակվել է իր բոլոր իրավական հետևանքներով:
Նույն գործով ձերբակալվել են նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյանը:
Ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներոմ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին: