19/12/2019 12:39
Ջհանդամ, թե չեք դառնա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմություն դարձողներին
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարությունը Հանրային խորհրդի նախագահ նշանակեց Ստեփան Սաֆարյանին:
Վարչապետը արձագանքեց, որ, իրականում, այնքան էլ լավ պայմաններում չէ, որ Ստեփան Սաֆարյանը պետք է ստանձի այս կարգավիճակը, քանի որ ստեղծման առաջին իսկ օրից Հանրային խորհրդի նպատակայնության, գոյության հարցը հարցականի տակ է եղել և վերջին շրջանում էլ այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ կան:
«Ծանր առաքելություն է լինելու Հանրային խորհրդ նոր նախագահի առաքելությունը և, ըստ էության, ձեր առաջ դրված է բարդ խնդիր հանրության կողմից: Սա հանրային խորհրդի վերջին շանսն է, որ, որպես խորհրդատվական մարմին, կարող է էֆեկտիվ լինել», - ասաց վարչպետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ քաղաքական ուժեր նույնիսկ չեն արձանագրել, թե ինչ է եղել քաղաքական դաշտում, չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել և ունենում իրենց հետ, և օբյեկտիվ պատճառներ կան, քանի որ ինչ եղել է, եղել է անսպասելի:
«Քաղաքական ուժերի գրեթե 99 տոկոսը առաջիկա տասը տարվա համար իրենց գործունեությունը պլանավորած է եղել: Այս իրավիճակում գտնվող քաղաքական ուժերը մինչև այսօր էլ այդ շոկը չեն հաղթահարել», - ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ իշխանության գալուց հետո ինքը զրոյական միջամտություն է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման հարցում:
Նա նշեց, որ Հանրային խորհրդում եղել են երրորդ հանրապետության ձևավորման ակունքներում կանգնած մարդիկ և ինքը պատեհ չի համարել, որ, անկախ իր ունեցած վերաբերմունքից, իշխանությունը օգտագործելով, մարդկանց պաշտոնանկ աներ:
«Հույս եմ ունեցել, որ այդ մարդիկ կօգտվեին այդ հնարավորությունից, սակայն ոմանց կողմից ընկալվել է որպես թուլություն, ընկավել է որպես հին հնարավորություններ, թե ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, ցույց կանեմ, բիզնեսի ոլորտ տուր, թե չէ կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են կատարվում, երեխուս գործի ընդունի, թե չէ սենց, նենց: Այդ հարաբերությունները չեն կարող լինել, ինչքան էլ ասուլիս անեն, կեսից կիսվեն, չորս մասի բաժանվեն, այդ հարաբերությունը չկա նոր իշխանության հետ: Քաղաքական առևտրի էջը ՀՀ-ում փակված է, սա կառավարություն է, ոչ թե շահերի բորսա, որտեղ մտնում են ու առ ու ծախի պրոցես է սկսվում», - ասաց նա:
Փաշինյանը մեջբերեց հայտնի խոսքը, ըստ որի՝ խոզի գլուխը, որ դնում ես գորգի վրա, գլորվում, ընկնում է ցեխի մեջ:
«Հիմա բոլոր էն խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, թե հնչում են արձագանքներ՝ «իմ և ընտանիքիս հետ կապված քրեական գործեր մի սկսեք, հակառակ դեպքում, ընդդիմադիր կդառնանք»:
«Ջհանդամ, թե չեք դառնա, անցած տարի դարձած լինեիք, այս տարի ահագին ժամանակ կլիներ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: