19/12/2019 12:01
Քաղաքական ուժեր կան, որ խեղդվելու պրոցեսի մեջ են ու հիմա փրփուրից էլ են ձեռք գցում. ՀՀ վարչապետ
Այսօրվա դրությամբ՝ 126 դպրոցի վերաբերյալ կան քրեական գործեր, որոնց տնօրենները իրենց բարեկամներին, բաջանաղներին բերել են դպրոցներում ձևակերպել են այս կամ այն հաստիք ու պետությունից աշխատավարձ են ստացել առանց գործի գալու, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանրապես, պետբյուջեի հետ կապված էսօր 250 քրեական գործ կա, որտեղ հասցեագրված գոյություն չունեցող հինգ հարյուրից ավելի մարդ գրանցվել ու աշխատավարձ է ստացել, այս երևույթները մինչև արմատախիլ չանենք, արդյունք չենք ունենա», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «քաղաքական ուժեր կան, որ ասում են՝ խեղդվողը փրփուրից էլ է ձեռք գցում»:
«Քաղաքական ուժեր կան, որ խեղդվելու պրոցեսի մեջ են ու հիմա փրփուրից էլ են ձեռք գցում, շատ լավ, եթե իրենց պետք է ձեռք մեկնել, որ իրանք չխեղդվեն, ուրեմն իրենք իրենց պետք է այնպես պահեն հանրության հետ, որ դա ավելի չահագնանա, սա շատ կարևոր արձանագրում է», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե ավելի ավագ սերնդի նեկայացուցիչներն ասում են, թե կարևորը մեջքն է, ծանոթն է:
«Ասում են՝ պտի կարանաս խաբես, շուստրիություն անես, շողոքորթես, էդ ա կյանքի ճանապարհը: Ոչ, սիրելի երեխաներ, դա կյանքի ճանապարհ էր, որը ձախողվեց 2018 թվականին, որը ոնչնչացավ: Հիմա կյանքի ճանապարհը կրթությունն է, օրինապահությունը, մենք էս ճանապարհը ձեզ համար կառուցելու ենք ու ասֆլատ ենք անելու երթևեկության պատշաճ կանոններով», - հավաստիացրեց վարչապետը: