19/12/2019 14:41
Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին կապում է դարերի բարեկամությունն ու եղբայրությունը, եւ հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների առանցքային ուղղությունը միջխորհրդարանական համագործակցությունն է, որտեղ առանձնացրել է 3 հարթակ՝ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը, մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը եւ արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ հարթակներում ծագող խնդիրներն անհրաժեշտ է լուծել համատեղ ջանքերով, նաեւ նշել է, որ ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը՝ մի քանի մարմիններում Հայաստանի առաջադրած թեկնածուների ընտրության հարցում:
Կոնստանտին Կոսաչովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնները: Նա հայտնել է, որ Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է այցելել Հայաստան, եւ անհրաժեշտ է միայն հստակեցնել այցի ժամկետները:
Կոնստանտին Կոսաչովն Արարատ Միրզոյանի նշած համագործակցության երեք ուղղություններին հավելել է նաեւ խորհրդարանների ղեկավարների մակարդակով պարբերական շփումները, որոնք խթան են՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում:
Կոնստանտին Կոսաչովն արձանագրել է հայ գործընկերների հետ ունեցած համագործակցության բարձր մակարդակը, ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ խորհրդարանի կազմի փոփոխությունից հետո աշխատանքները շարունակվել են առանց դադարների, ինչը գոհացուցիչ է եւ վկայում է միասնական օրակարգով աշխատելու փոխադարձ հետաքրքրվածության մասին:
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի հետ համագործակցում է միջազգային 7 հարթակներում, ինչը ռեկորդային թիվ է, եւ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի երկրի հետ համագործակցության այդքան հատման կետեր չունի, որքան Հայաստանի հետ: Կոնստանտին Կոսաչովը հավաստիացրել է, որ ՌԴ-ն միջազգային կառույցներում պատրաստ է աջակցել Հայաստանի Ազգային ժողովի առաջադրած թեկնածուներին:
Նա շնորհակալություն է հայտնել՝ իրենց այցը հրաշալի կազմակերպելու համար եւ առաջարկել 2 երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան 2 համատեղ նիստ գումարել, որոնցից հաջորդը տեղի կունենա Մոսկվայում: