19/12/2019 16:09
ԵՄ-ն 2020-ին ընդունելու է ավելի քան 30 հազար փախստական
Եվրամիության անդամ երկրները 2020 թվականին ընդունելու են ավելի քան 30 հազար փախստական՝ առաջին հերթին աշխարհի ճգնաժամային գոտիներից: Տեղերի այս քանակությունը ԵՄ անդամ երկրները պատրաստել են վերաբնակեցման ծրագրի շրջանակում, ասվում է Եվրոպական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության համաձայն:
Մասնավորապես՝ Գերմանիայի ՆԳՆ-ից հայտարարել են մինչև 5500 ներգաղթյալ ընդունելու պատրաստակամության մասին:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կանխատեսման համաձայն՝ ծրագրի շրջանակում առաջնահերթությունը տրվելու է Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Միջերկրածովյան շրջանի երկրներից, Նիգերից և Ռուանդայից արտագաղթած ներգաղթյալներին:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական ապրելակերպի զարգացման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը վերաբնակեցման գործում ԵՄ-ի ներդրումը համարել է «խոշորագույնն աշխարհում»:
«Երբ մենք աշխատում ենք միասին, կարող ենք ստեղծել երկարաժամկետ, արդյունավետ և անվտանգ համակարգեր «առավել խոցելիներին» պաշտպանելու համար», - ընդգծել է նա:
ԵՄ-ի ՆԳ հանձնակատար Իլվա Յոհանսոնն իր հերթին հատուկ ընդգծել է «երրորդ երկրների հետ ամուր համագործակցության» անհրաժեշտությունը:
Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ 2015 թվականից ի վեր վերաբնակեցման ծրագրով ավելի քան 65 հազար փախստական է ժամանել Եվրամիություն: Ընդունող երկիրը ԵՄ-ի կողմից ամեն ներգաղթյալի համար ստանում է 10 հազար դոլար ֆինանսական աջակցություն: