20/12/2019 15:33
2018թ.-ին Փաշինյանին՝ որպես քաղաքական գործիչ, դրական էր գնահատել քաղաքացիների 61.2 տոկոսը, այս տարի՝ 36.8 տոկոսը
ՀՀ քաղաքացիների 9.1 տոկոսը նշում է, որ հեղափոխությունից հետո ակնկալիքներն ամբողջությամբ արդարացվել են, 67.21 տոկոսը նշում է, որ որոշ չափով են արդարացել, 8 տոկոսը՝ որոշ չափով չեն արդարացել, 13.8-ը՝ ընդհանրապես չեն արդարացել, լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով նոյեմբերին ՀՀ-ում անցկացված հարցումների արդյունքներն, ասաց «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
««Որոշ չափով չեն արդարացել» և «ընդհանրապես չեն արդարացել» պատասխանած քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել, թե ինչո՞ւ չեն արդարացել, 32.2 տոկսը նշել է՝ նոր իշխանությունների անփորձության պատճառով, 28.1 տոկոսը նշել է, որ ակնկալիքներն ավելի բարձր են եղել, 27 տոկոսը՝ հին խնդիրների խորքային լինելու պատճառով, 17.8 տոկոսը նշել է՝ նոր իշխանությունների քաղաքական կամքի պատճառով», - նշեց Նավասարդյանը:
ՀՀ վարչապետի գործելաոճը լիովին դրական է գնահատել հարցվածների 37.4 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 49.9-ը, խորհրդարանական ընդդիմության աշխատանքը լիովին դրական է գնահատել10.2 տոկոսը,ավելի շուտ դրական՝ 27.4 տոկոսը, իսկ ավելի շուտ բացասական և ամբողջովին բացասական՝ 28.7 և 20.6 տոկոսը:
«Շուրջ 50 տոկոսը դժգոհ է խորհրդարանական ընդդիմության գործունեությունից: Սա մեծ թիվ է», - ասաց Նավասարդյանը:
Փաշինյանին՝ որպես քաղաքական գործիչ, լիովին դրական է գնահատել հարցվածների 36.8 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 50.4 տոկոսը:
«Մեծամասնությունը դրական է գնահատում, բայց եթե համեմատենք 2018թ..-ի սեպտեմբերի հետ, այդ ժամանակ 61.2 տոկոսն էր լիովին դրական գնահատել, 30.2 տոկոսն էլ՝ ավելի շուտ դրական»:
Փաշինյանի գործունեության բացթողումների մասով՝ հարցվածների 42 տոկոսը նշել անհաջող կադրային քաղաքականությունը, 27.9 տոկոսը՝ բարեփոխումների դանդաղ ընթացքը, 27 տոկոսը նշել է նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ մեղմ վերաբերմունքը, 18.8 տոկոսը՝ կտրուկ միջոցների չկիրառելը, 6.7 տոկոսը՝ քաղաքական կամքի բացակայությունը: