20/12/2019 12:35
Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 200-րդ հոդվածի 3-րդ մասով, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզված փաստական տվյալների մասին այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ նախաքննության շահերից ելնելով։
Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար: