20/12/2019 18:34
Մահացել է դերասանուհի Կլոդին Օժեն, որը մարմնավորել է Ջեյմս Բոնդի ընկերուհուն
ֆրանսիացի դերասանուհի Կլոդին Օժեն, որը 1965 թվականին մարմնավորել է Ջեյմս Բոնդի ընկերուհուն «Գնդավոր կայծակ» ֆիլմում՝ 78 տարեկանում մահացել է, հայտնում է «Le Monde»-ը:
Հաղորդվում է, որ դերասանուհին մահացել է չորեքշաբթի Փարիզում՝ տևական հիվանդությունից հետո:
Կլոդին Օժեն ծնվել է 1941 թվականի ապրիլին: Կինոյով և թատրոնով նա սկսել է հետաքրքրվել դեռ դպրոցական տարիքում: Իր կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել է մոտ 80 ֆիլմերում և հեռուստասերիալներում:
1958 թվականին Ռոմի Շնայդերի և Ալեն Դելոնի հետ միասին նա նկարահանվել է Պիեռ-Գասպար Ուիի «Քրիստինա» կինոնկարում, երկու տարի անց՝ Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» ֆիլմում:
Օժեն համաշխարհային փառք է ստացել՝ կատարելով Դոմինիկ Դերվալի դերը բրիտանացի սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում, որին մարմնավորել է Շոն Քոներին:
1958 թվականին Օժեն Ֆրանսիան ներկայացրել Է «Միսս աշխարհ» մրցույթում: 1990 թվականին դերասանուհին մասնակցել է «Ծովահրեշ 5» իտալական դետեկտիվ սերիալի նկարահանումներին: