20/12/2019 19:22
Մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել Նյու Դելիում՝ քաղաքացիության մասին օրենքի դեմ
Հին Դելիի պատմական մզկիթի մոտ մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագման դեմ:
Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, ոստիկանությունը խոչընդոտում է մզկիթի մոտ հավաքվածներին՝ երթով անցնել փողոցներով և փորձում Է զսպել բազմությանը:
Ըստ հեռուստաալիքի՝ ակցիան գլխավորում է «Բհիմ Արմի» կազմակերպության (պայքարում է ցածր խավերի իրավունքների համար) առաջնորդ Չանդրաշեքար Ազադը: Ավելի վաղ իշխանություններն Ազադին թույլ չէին տվել երթ կազմակերպել Նյու Դելիով՝ Մայր մզկիթից մինչև քաղաքի կենտրոնի հնագույն աստղադիտարանը:
Նյու Դելիում վերջին մեկ օրում մոտ 1200 մարդ է բերման ենթարկվել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրության ընդունման դեմ անցկացված բողոքների ընթացքում: Ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնը, արգելված են բոլոր բազմամարդ հավաքներն ու միջոցառումները: Քաղաքում ուրբաթ անվտանգության խստացված միջոցներ են հայտարարված:
Ոստիկանությունը հերթապահում է խաչմերուկներում և հրապարակներում: Որոշ փողոցներում երթևեկությունը փակված է կամ սահմանափակված:
Ինչպես մամուլին հայտնել է Նյու Դելիի ոստիկանության հասարակայնության հետ կապերի գծով ներկայացուցիչ Մանդիպ Սինգհ Ռանդհավան, մայրաքաղաք է մտցվել 52 ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանում, այդ թվում՝ ահաբեկչության և զանգվածային անկարգությունների դեմ պայքարի հատուկ զորամասեր: