20/12/2019 12:39
Կառավարությունը չի փորձում վերլուծել՝ ինչու ներդրումներ չկան. Հարությունյան
2019 թվականի առաջին կիսամյակի ներդրումների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է շուրջ 5 անգամ։ Սա խոսում է այն մասին, որ ներդրումների հոսք ուղղակի չկա, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Մտահոգիչ է ոչ միայն այն, որ ներդրումների անհրաժեշտ ծավալ չունենք, այլ նաև այն, որ կառավարությունը չի փորձում վերլուծել՝ ինչն է դրա պատճառը։ Փոխարենը, փորձում է ամեն կերպ իրավիճակը քողարկել։ Այսօր միլիոնավոր պոտենցիալ ներդրողներ կան, որոնք քարտեզի վրա Հայաստանի տեղն անգամ չգիտեն։ Մեր դեսպաններն այսօր ներդրողներով չեն զբաղվում, նրանք այդպիսի հանձնարարություն էլ չեն ստանում։ Նույնիսկ սփյուռքահայերը Հայաստանում ներդրում չեն անում», - ասաց նա։
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այսօր Հայաստանում չկա համակարգ, որն ինքնաշխատ կարող է գործել ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։