21/12/2019 10:43
Սոնա Ղազարյա՛ն, Ազգային ժողովի պատգամավոր, Ձեզ ասում եմ, որ Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ. Վաչագան Սարգսյան
Այբբենարանի հեղինակ Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ իր հեղինակած այբբենարանի տեղն աղբամանում է:
«Չեմ ներում, խնդրում եմ կարդալ։
«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է», - ասաց Սոնա Ղազարյանը։
Սոնա Ղազարյա՛ն, Ազգային ժողովի պատգամավոր, Ձեզ ասում եմ, որ Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ:
Իմ «Այբբենարանում» կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը /հայրը և մայրը/ միասին են:
Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով / էջ26/:
Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը /էջ 29/:
Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը / էջ51/:
Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն /էջ74/:
Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են /էջ 81/:
Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, «որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»:
Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»:
Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք:
Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը:
Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել:
Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»: Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը:
Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը:
Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ», - գրել է Սարգսյանը: