23/12/2019 13:48
2019 թվականը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր. Արծվիկ Մինասյան
2019-ին իշխանությունը ոչ միայն չկարողացավ պատշաճ ուժեղացնել մեր պետականությունը, այլ նոր սպառնալիքներ ձևավորեց, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«2019 թվականը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր, առնվազն կարևոր 7 ուղղությամբ ոչ միայն չկարողացանք 2019 թ-ը հավուր պատշաճի ուժեղացնել մեր պետականությունը, այլ նոր սպառնալիքներ ձևավորեցինք», - ասաց նա:
Առաջին երեք հարվածները, ըստ Մինասյանի, հասցված են արտաքին հարաբերություններին, Արցախյան բանակցություններին և հայոց բանակին:
Մինասյանը նկատեց, որ աճում է նաև ատելության խոսքը, իշխանությունները ընտրում են նոր թիրախներ, որոնց նկատմամբ ատելության մթնոլորտ է ստեղծվում՝ այդպիսով հետին պլան մղելով հավանական հարցերը, որ մարդկանց մոտ կարող էին առաջանալ, մասնավորապես, նոր իշխանություններից սպասելիքների առումով:
«Անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը, ատելության խոսքը, քարոզը, որ բխում է նախ իշխանություն ձևավորած անձանց վարքագծից, ցավոք սրտի, Հայաստանում դարձավ առօրյա: Գրեթե ամեն օր համացանցում հանդիպած հարյուր հազարավոր վիրավորանքներն ու հայհոյանքները վկայում են, որ իշխանության վարքագիծը դարձել է ամեն գնով նոր թիրախներ կամ, այսպես կոչված, թշնամիներ փնտրելը, որպեսզի հասարակությունն, իր վերջո, հարցերն իրեն չուղղի, չհարցնի՝ «լավ, մերժեցինք անցյալը, վատ երևույթները, բայց նորը դեռ չենք կառուցել, իսկ նորի համար, իշխանություն, ի՞նչ պետք է դու անես, ի՞նչ ես խոստացել, որ չես արել»: Այս հարցը, ցավոք սրտի, հասարակության մեծ մասը չի տալիս, որովհետև նրան անընդհատ հրամցվում է նոր թշնամի», - նշեց Մինասյանը:
Սպառնալիքներից Մինասյանը նաև առանձնացրեց իշխանության մեջ մենատիրության հաստատման առարկայական գործողությունները: