23/12/2019 11:31
ԼՂ բանակցային գործընթացում ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ. Դավիթ Շահնազարյան
ԼՂ բանակցային գործընացում ունենք շատ կարևոր, մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ։ Այդ օրակարգը կորսված է ՀՀ իշխանությունների ջանքերով, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքն, ըստ էության, լեգիտիմություն է ստանում։ Այդ մասին ակնարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների տարբեր պաշտոնյաներ։ Սա չափազանց վտանգավոր հարց է։ Հաջորդը, նետված է մի բանաձև, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար, ինչն ամբողջությամբ հակասում է ինքնորոշման իրավունքին», - ասաց բանախոսը։
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ներկայումս Ադրբեջանը միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես զոհ, այդ երկիրը ստացել է փաստարկների զինանոց, որոնցով կարող է արդարացնել հերթական ռազմական հարձակումը։
«Սեղանին դրված է, այսպես կոչված, փուլային տարբերակ։ Սա ասվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի կողմից։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ կարգավիճակի հարցը դրվում է մի կողմ։ Բանակցությունների սեղանին դրված է շրջանների հանձնման փաստաթուղթ։ Սա բացարձակ աբսուրդ է։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվի Արցախում։ Արդյոք արցախցին նման տենդենցների դեպքում նույնքան ամուր կմնա իր հողի վրա, ինչպես մինչև հիմա մնացել է», - հարց ուղղեց բանախոսը։