23/12/2019 13:06
Խորվաթիայի նախագահի ընտրության առաջին փուլում հաղթողը չի որոշվել
Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության ղեկավար և նախկին վարչապետ Զորան Միլանովիչն առաջատարն է կիրակի երկրում տեղի ունեցած նախագահի ընտրությունների առաջին փուլում, հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովը ձայների ավելի քան 99 տոկոսի հաշվումից հետո:
Միլանովիչն ստացել է ձայների 29,5 տոկոսը՝ առաջ անցնելով գործող աջ կենտրոնամետ նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչից, որը հավաքել է ձայների 26,7 տոկոսը:
Անկախ թեկնածու Միրոսլավ Շկորոն երրորդ տեղն է զբաղեցրել՝ 24,4 տոկոս ձայներով: Այսպիսով, Միլանովիչը և Գրաբար-Կիտարովիչն անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը պետք է կայանա 2020 թվականի հունվարի 5-ին:
Խորվաթիայի նախագահի պաշտոնի համար պայքարել է 11 թեկնածու, որոնք գրանցվել են երկրի ԿԸՀ-ում:
Խորվաթիայի նախագահը կատարում է գլխավորապես ներկայացուցչական գործառույթներ և իրավունք չունի որոշումներ ընդունել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ: