23/12/2019 19:12
Սթոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը պատրաստ է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի և Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները: Այս մասին նա ասել է DPA գործակալությանը տված հարցազրույցում:
«Եթե լինեն համապատասխան շրջանակային պայմաններ, ես հանդիպում կունենամ նախագահ Պուտինի հետ», - ասել է Սթոլտենբերգը:
Նրա կարծիքով՝ հենց այն ժամանակ, երբ բարդություններ կան հարաբերություններում, կարևոր է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջը:
«Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է, ինչն այդպես էլ կմնա», - արձանագրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա կարծում է, որ, նույնիսկ եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, դաշինքը պետք է ի վիճակի լինի «կառավարել» այդ հարաբերությունները: