23/12/2019 17:15
Մրցապայքարն անհավասար էր. իմ մրցակիցն օգտվում էր իշխանության աջակցությունից. Թովմաս Գրիգորյան
ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը չի բացառում, որ կարող է բողոքարկել ՀՖՖ նախագահի ընտրությունների արդյունքները:
«Այս պահին շատ էմոցիոնալ եմ, չեմ ուզում գնահատական տալ: Այսօրվա կատարվածի հետ պետք է քնեմ, արթանամ և որոշումս կայացնեմ: Առանց էմոցիաների վաղը որոշում կկայացնեմ», - ասաց նա:
Վերջինս նկատեց՝ թեև ընդգծվել է, որ ՀՖՖ նախագահի այս ընտրություններն աննախադեպ էին Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջադրված էին թեկնածուներ ու կար մրցակցություն, բայց նկատեց, որ այն անհավասար էր:
«Այդ մրցապայքարն անհավասար էր, այս շենքից օգտվում էր իմ մրացակիցը, այս ռեսուրսներից, կար նաև իշխանության աջակցությունը», - ասաց նա:
Հարցին, թե հստակ ո՞ւմ նկատի ունի՝ Գրիգորյանն ասաց՝ «բոլոր նրանց, ովքեր ներկա էին դահլիճում»:
Դիտարկմանը՝ չի՞ բացառում, որ կհամագործակցի նորընտիր նախագահի հետ՝ Գրիգորյանն ասաց.
«Վաղը կպատասխանեմ, բայց ես ֆուտբոլում լինելու եմ»:
Aysor.am-ի թղթակից հարցին՝ արդյոք իր դեմ ուղղված ձայները կապո՞ւմ է Ռուբեն Հայրապետյանի հետ՝ Գրիգորյանն ասաց.
«Դա կեղծ օրակարգ էր: Այսօր ընտրվել է Մելիքբեկյանը և չի կարող ինձ հետ գործ չունենալ: Կարող է տասը տարի հետո ասեք՝ Մելիքբեկյանն իմ ընկերն է: Ես ֆուտբոլային այնպիսի գործիչ եմ, որ թե՛ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, թե՛ ես, պարզապես չենք կարող իրար հետ հարաբերություններ չունենալ»:
Նա նաև հաստատեց, որ իր ընտրությանը վնասել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, որ աջակցում են իրեն:
Հիշեցնենք՝ այսօր ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։