23/12/2019 10:00
«Ադեկվադ» միաբանության անդամները նախագահի նստավայր նավթ են տարել
Արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսը փակուղուց դուրս բերելու նպատակով «Ադեկվադ» միաբանությունը հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնությամբ:
Ինչպես ասվում է միաբանության հաղորդագրությունում, այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին միաբանությունը սեփական ուժերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի այն չափաբաժինը, որը կոչված է գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որը առաջացել է Կենտրոնական Ասիայի էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից:
«Հույս ունենք, որ մեր` այս բարի կամքի դրսևորման առաջին քայլը պատշաճ արձագանքի կարժանանա ՀՀ նախագահի կողմից, և հնարավոր կլինի ապագայում այս համագործակցությունը կառուցել «ավելին ավելիի դիմաց» ձևաչափով: Մեզ համար, որպես օրինակ, ողջունելի քայլ կդիտարկվեր Արմեն Սարգսյանի` Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ստանձնումը», - ասված է «Ադեկվադի» հաղորդագրությունում: