23/12/2019 19:06
Սանկտ Պետերբուրգի սրտում փոքրիկ անկյուն էինք ստեղծել, մի փոքրիկ Գյումրի. Լյուդվիգ Հարությունյան
Ամիսներ առաջ Գյումրու թատրոնի բեմ բարձրացած «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն օրերս հյուրընկալվել էր Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոնում: Aysor.am-ի հետ զրույցում Վարդան Աճեմյանի անվան թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը տեղեկացրեց՝ հրավերը Ս. Պետերբուրգում Երևանի ներկայացուցչության կողմից էր. Հայաստանի «հայրաքաղաքի» թատրոնն առաջարկ էր ստացել 1988 թվականի դեկտեմբերի 7-ից ուղիղ 31 տարի անց «Վերածնվող Գյումրի» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի «հայրաքաղաքի» գլխավոր բեմ բարձրանալ:
«Քանի որ թեման վերածնվող Գյումրին էր, որոշեցինք ընտրել մեր ամենաերիտասարդական, փորձարարական, վառ ու ավանդականից փոքր-ինչ հեռու ներկայացումը: Գուցե շատերը սպասում էին, որ հումորային կամ պատմական ներկայացմամբ պետք է գնանք, բայց այդպես չեղավ, ու դա շատ ավելի ճիշտ էր: Նաև, քանի որ հրավիրող կողմն առաջարկել էր՝ ներկայանանք ոչ միայն ներկայացումով, նախաձեռնեցինք նաև երկրաշարժին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Գյումրիում երիտասարդ հրաշալի լուսանկարիչներ ունենք` Հայկ Բարսեղյան, Գուրգեն Գինոսյան, Գևորգ Ղազարյան, Արման Գասպարյան, հենց նրանց աշխատանքներն էլ մեզ հետ տարանք», - նշեց մեր զրուցակիցը:
Մինչ ներկայացման սկիզբը՝ հանդիսատեսը ցուցահանդեսի աշխատանքներին ծանոթացավ: Լուսանկարները երեք էտապ էին ներկայացնում՝ Լենինականը, երկրաշարժյան տարիների Գյումրին և Գյումրին` այսօր: Հատկանշական է, որ ներկաների շարքերում նաև գյումրեցիներ կային, ովքեր փորձում էին լուսանկարներում իրենց թաղը գտնել:
«Պետերբուրգի սրտում փոքրիկ անկյուն էինք ստեղծել, մի փոքրիկ Գյումրի: Ռուսները նայելով ասում էին, որ մեր քաղաքաները նման են միմյանց: Գիտեք, մեր ցանկությունն էր, որ այս ցուցահանդեսն առավել շատ տեսնեին այն հայերը, որոնք երկար տարիներ Գյումրիում չէին եղել ու կարծում էին, թե գյումրեցին դեռ ավերակների մեջ է ապրում: Ուզում էինք ցույց տալ, որ Գյումրին իր մեջքն ուղղել է, կանգուն և ուժեղ է: Իր դիմագիծը պահպանելով՝ շատ ավելի սիրուն քաղաք է դարձել», - նկատեց Լ. Հարությունյանը:
Ցուցահանդեսին ու ներկայացմանը ներկա էին ոչ միայն տեղի հայերը, այլև՝ օտարազգիներ: Երկու աշխատանքներից էլ հանդիսատեսը գոհ էր, այնքան գոհ, որ ցուցահանդես «մեկնած» լուսանկարներն այդպես էլ Հայաստան չվերադարձան՝ նկարիչների անուն ազգանուններով ու դերասանների ստորագրությամբ նրանք տեղ գտան պետերբուրգցիների տներում:
«Հատկապես տեղի հայերը շատ էին ուզում, իրենց խոսքով, «մի մասնիկ Գյումրի» տանեն իրենց տուն, մենք էլ սիրով բոլոր լուսանկարները նվիրեցինք ցանկացողներին», - ժպիտով ընդգծեց թատրոնի տնօրենը:
Ի դեպ, աճեմյանցիները չբավարարվեցին միայն բեմ բարձրանալով, նրանք Սանկտ-Պետերբուրգի տարբեր թատրոններում նաև հանդիսատեսի աթոռները զբաղեցրեցին՝ ծանոթանալով տեղի մշակույթին:
Լյուդվիգ Հարությունյանը վստահ է՝ այսուհետ փոխայցելություններ կլինեն, ինչն առավել հետաքրքիր կդարձնի մշակութային առօրյան: