24/12/2019 15:12
2019 թ. արձանագրված փոքր հաջողությունները միջնաժամկետ և երկարաժամկետ առումով որևէ կենսական հիմք չունեն շարունակական դառնալու. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
2019 թվականին ականատես եղանք անմեղության կանխավարկածի մասշտաբային ոտնահարումներին, արհամարհանքին, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեկան ամփոփիչ համաժողովին հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Ինքներս էլ համոզվել ենք, թե այսօր որքան հեշտ է մարդուն ներկայացնելու ամենամեծ ու ամենախայտառակ մեղադրանքները` ոտնահարելով իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքը», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ մարտահրավերը վերաբերում է պետական կառավարման համակարգի ձախողմանը։
«Վերջին հարձակումը, որ վարչապետի կողմից կազմակերպվեց, վկայությունն է այն բանի, որ պետական կառավարման համակարգը, ինստիտուտներն ամբողջությամբ ձախողված վիճակում են. խայտառակ կադրային քաղաքականություն, հանրային պատասխանատվության զրո գիտակցում, և որ ամենավատն է, ապագայի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այն փոքր հաջողությունները, որ արձանագրվել են 2019 թվականին, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով որևէ կենսական հիմք չունեն շարունակական դառնալու։