24/12/2019 11:00
Փաշինյանը փորձում է հստակեցնել մեր «կարմիր գծերը», բայց դա բավարար չէ. Փորձագետ
Հայաստանի իշխանություններն աստիճանաբար սահմանում են Արցախյան բանակցություններում մեր «կարմիր գծերը», սակայն դա ևս բավարար չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանը՝ մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի արդյունքները:
«Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են, բայց այդպես էլ չեն հստակեցնում, թե որոնք են այդ մոտեցումները: Դա ինքնին անհասկանալի և խնդրահարույց էր: Սակայն Ադրբեջանի կողմից վերջնագրի տեսքով իր դիրքորոշման հրապարակումն էլ ավելի մեծացրեց Հայաստանի և Արցախի կողմից իրենց դիրքորոշումների հրապարակման անհրաժեշտությունը»,- ասել է փորձագետը:
Նա ընդգծել է, որ առաջին անգամ համեմատաբար հստակ դիրքորոշում Հայաստանի կողմից հրապարակվեց Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթում: «Այժմ վարչապետ Փաշինյանն է շարունակում այս գործընթացը: Որպես «կարմիր գիծ» սահմանվում է Արցախի կարգավիճակի հարցը՝ ամրագրելը, որ չի կարող լինել վերադարձ 86-87 թվականների ստատուս քվոյին կամ դրա որևէ մոդեֆիկացիային: Սակայն այս դիրքորոշումը չի տալիս բոլոր հարցերի պատասխանները»,- ասել է Միքայելյանը:
«Կարևոր է ամրագրել, որ կարգավորումը փաթեթային տրամաբանություն պետք է ունենա, այսինքն՝ պետք է ի սկզբանե համաձայնեցվեն կարգավորման բոլոր բաղադրիչները: Չի կարող անորոշություն լինել, այդ թվում՝ ժամկետների հարցում»,- ընդգծել է նա:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել վարչապետի ևս մեկ դիտարկման վրա: «Հետաքրքիր է, որ Փաշինյանը սկզբից հայտարարում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների դիրքորոշումները լիարժեք, մինչև վերջին դետալները նույնական են, իսկ հետո հայտարարում է, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը կարևոր է երկու հանրապետությունների դիրքորոշումները համադրելու համար: Սա առնվազն ինքնահակասական է»,- նշել է նա: