24/12/2019 10:35
Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները չեն հաստատվել
ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը վերադարձնել քննիչին։
«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ:
Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ այս մասին Facebook-ում գրել է.
«Դատախազությունը որոշեց` Ա. Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձնել քննիչին, բավարարելով մասնակի իմ բողոքը։ Բողոքում բարձրացված այլ հարցերի մասով հստակ նշվել է, որ դրանց անդրադարձ կկատարվի հետագայում։ Կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և որոշումը»։
Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: