24/12/2019 09:40
«Ժողովուրդ». ՀՖՖ նախագահի ընտրությունների արդյունքները հնարավոր է՝ բողոքարկվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցան թեժ մթնոլորտում: Արտահերթ ժողովի պատվիրակների կողմից ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը. նրա օգտին քվեարկել էր 13 պատվիրակ, Թովմաս Գրիգորյանի օգտին` 7, իսկ 3 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել: ՀՖՖ նախագահի ընտրությունները հարթ չանցան, դրանից առաջ էլ արդեն իսկ բարձրաձայնվում էին առկա ճնշումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ևս` Արմեն Մելիքբեկյանի ընտրվելուց հետո, պատվիրակներն ու ներկաներն իրար մեջ կրկին խոսում էին այդ ճնշումներից:
Ավելին, պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը համապատասխան ձայնագրություններ ունի, ըստ որոնց` զանգահարել են կազմակերպությունների ղեկավարներին, հրահանգներ տվել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գրիգորյանը հայտնել է, թե դեռ որոշում չունի իրավապահներին դիմելու մասով. այս պահին նրանք քննարկում են ընտրությունների արդյունքներն ամբողջովին անվավեր ճանաչելու և բողոքարկելու տարբերակը: Նրանք վերջնական որոշման կհանգեն այսօր: