24/12/2019 13:42
Փաշինյանը մեծ խոստումներ տվեց, բանից դուրս եկավ՝ իրոք ստախոս է. Սևազգեստ մայր
Սևազգեստ մայրերն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Եռաբլուրում: Aysor.am-ի հետ զրույցում «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը նշեց՝ հավաքվել են Եռաբլուրում՝ ընդգծելու, որ կառավարությունն անտեսում է հայրենիքի կայացման համար իրենց կյանքը դրած մարդկանց:
«Կառավարությունն արհամարհում է նրանց: Գալիս, գլուխները տնկած, մտնում են Եռաբլուր, թող չմտնեն, չեն ամաչում էս տղերքից, չեն վախենում Աստծուց», - ասաց Խլղաթյանը:
Հիշեցնենք՝ սևազգեստ մայրերի բողոքն առաջացել էր այն բանից հետո, երբ կառավարությունը մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին 30 միլիոն դրամ էր տրամադրել: Դրանից հետո սահմանին զոհվածների, վիրավորվածների հարազատները պահանջում են իրենց ևս փոխհատուցում տրամադրել:
«Մեր պահանջները մնացել են անապատասխան, որևէ մեկս չէինք սպասում, որ կառավարությունն այնպես կվարվեր ու չէր անդրադառնա այս ընտանքիներին: Իրենք ժամանակ շահեցին՝ մտածելով, որ առջևում ձմեռ է, այս ընտանիքները դուրս չեն գա հաստատ: Մեզ հետ հանդիպմանը վարչապետը հանձնարարեց օգնականին՝ Սուրեն Ղամբարյանին, որ շատ սուղ ժամկետում այս հարցին լուծում տա: Այս լուծումը տևեց ուղիղ երկու ամիս ու էլի մնացինք անպատասխան: Զրուցել եմ Ղաբարյանի հետ, ասել է՝ պատասխան չունեմ: Սրանից հետևում է, որ վարչապետը մերժել է ու ինքն իրավասություն չունի դա բարձրաձայնել», - ասաց նա:
Սևազգեստ մայրերից մեկն էլ նշեց, որ իրենք հուսախաբված են, ու եթե կառավարությունը շարունակի անտեսել իրենց, իրենք քայլեր կձեռնարկեն նրանց մուտքը Եռաբլուր թույլ չտալու համար:
«Փաշինյանը մեծ խոստումներ տվեց, բանից դուրս եկավ՝ իրոք ստախոս է: Ղեկավարները գալիս են այստեղ, երկու ծաղիկ են դնում ու փախնում են, ծնողներին էլ չեն ուզում հանդիպել: Եռաբլուր չենք ուզում, որ գան: Եթե այսպես շարունակվի, մենք կփակենք ճանապարհը ու չենք թողի, որ գան այստեղ, թող չգան, մեզ պետք չի», - ասաց նա: