24/12/2019 13:36
Այս իշխանության բլեֆի փուչիկը պայթելու է 2020-ին, որովհետև հասարակությունը տեսնելու է, որ այլընտրանք կա. Անդրանիկ Թևանյան (Տեսանյութ)
Իշխանությունը երկու տեխնոլոգիա է կիրառում, մեկը՝ առաջացնել սպասումներ հասարակության մոտ, որ լավ է լինելու, երկրորդը՝ ներդնել այն տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ պետք է հիմնավորել, թե ինչու այդ սպասումները չեն իրականանում, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեկան ամփոփիչ հավաքին ասաց ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
«Իշխանությունները փորձում են ցույց տալ, որ մեր այլընտրանքը նախկին իշխանությունն է, մականունավորներն են, և իրենց ստեղծած այդ հրեշի միջոցով վախեցնել հանրությանը։ Այսինքն՝ իշխանությունը կիրառում է հետևյալ տեխնոլոգիան. ժողովո՛ւրդ ջան, եթե դուք մտածում եք, որ մենք անգրագետ ենք և դժգոհ եք մեզանից, ապա ըմբռնումով մոտեցեք, որովհետև մեր այլընտրանքն այն նախկինն է, որին դուք մերժել եք։ Դա կատարյալ խաբեություն է և բլեֆ, և այդ բլեֆի փուչիկը պայթելու է 2020 թվականին, որովհետև հասարակությունը տեսնելու է, որ իր այլընտրանքը կա», - հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Գործող իշխանության այլընտրանքն, ըստ Թևանյանի, նոր որակի Հայաստան առաջարկող և նոր որակի կառավարման համակարգ առաջարկող այն մարդիկ են, որոնք կարող են լինել և՛ նախկին իշխանության ներկայացուցիչներից, և՛ նոր համակարգից, ու նաև գործող իշխանության որոշակի առողջ թևերից։
«Այդ բլեֆը, որ աշխատեցնում են, հիմքում իրենց իշխանության պաշտպանությունն է։ Ամենակարևորը, որ մեզ հնարավորություն չի տա երկար հանդուրժել այսպիսի շռայլություն, ինչպիսին գործող իշխանությունն է, Արցախի խնդիրն է։ Արցախի խնդրի հետ կապված ամենավտանգավորն այն է, որ այս իշխանությունը չի ուզում պատասխանատվություն վերցնել և, ցավոք, չի կարող նաև իր մտավոր կարողությունների պատճառով։ Դատելով ամենից՝ նույնիսկ տարրական պատկերացումներ չկան, թե ինչպես պետք է կարգավորվի Արցախի հարցը։ Կա ընդամենը մեկ խնդիր, ինչպես խուսափել պատասխանատվությունից», - ասաց Անդրանիկ Թևանյանը։
Որպես լուծում՝ Ա. Թևանյանն ասաց՝ շատ կարևոր է, որ առաջիկա ընտրություններին արտաքին միջամտություններ չլինեն, արցախահայությունը պետք է ազատ ընտրության հնարավորություն ստանա։