24/12/2019 17:39
Իմ ընտանիքն ու արվեստի գործիչները հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար. Սարգիս Գրիգորյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Սարգիս Գրիգորյանը բաց նամակով է հանդես եկել: Օրերս դերասանը միացել էր մշակութային գործիչների հայտարարությանը, որով կոչ էին արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Սարգիս Գրիգորյանը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը, քանի որ սոցիալական ցանցում ներկայումս ըստ նրա՝ ատելության մթնոլորտն է գերիշխում: Ստորև ներկայացնում ենք Սարգիս Գրիգորյանի բաց նամակն ուղղված Նիկոլ Փաշինյանին առանց խմբագրման, որը դերասանը տրամադրել է Asekose.am-ին:
«Պ-րն. Վարչապետ, ես՝ ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ես, իմ ընտանիքն ու արվեստի ու մշակույթի 60 հայտնի գործիչներ բառիս բուն իմաստով հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են հալածվել ու սպառնալիքներ ստանալ...
Դա շատ ծանր է տեսնել, զգալ ու դա հղի է շատ լուրջ հետևանքներով: ՀՀ քաղաքացին պարտավոր է ունենալ սեփական կարծիք, ազատ արտահայտել այն, և ամենևին պարտադիր չէ, որ քաղաքացու կարծիքը համընկնի իշխանության կարծիքի հետ...
Մենք չենք ապրում տոտալիտար երկրում՝ թե սխալվու՞մ եմ... Ցավով պիտի նշեմ՝ հասարակության այն սոցիալական ու մտավոր շերտի գերիշխումը, որն իր բողոքը, հույզերը, ցանկությունները արտահայտում է հայհոյանքի, քծնանքի, սպառնալիքի միջոցով՝ երկիրը տանում է կործանման...
Հայը դադարել է հային հարգել, հայը դադարել է հային լսել, հայը դադարել է սոցցանցից դուրս հայի հետ շփվել...Պարոն վարչապետ, մենք հայերով ատում ենք իրար... Այս կոնտինգենտը լուրջ հարված կարող է հասցնել մեր արժեքներին ու մեր բազմադարյա մտածողությանը՝,էլ չեմ խոսում պառակտման մեծ վտանգի մասին... Չի կարելի հույս դնել նման կերպ արտահայտվող զանգվածի վրա, պետք է պայքարել նրանց դեմ՝ դաստիարակել... Այսօր նրանք Ձեր կողքին են, ես համոզված եմ, որ վաղը հենց նրանք Ձեզ կհոշոտեն(կներեք կոշտ , բայց անկեղծ արտահայտվելու համար) Վերացրեք սևն ու սպիտակը քանի դեռ ուշ չէ... Մենք մի ժողովուրդ ենք ու միասնական կարող ենք լուծել մեր բոլոր խնդիրները՝ հարգելով միմյանց կարծիքը, լսելով առողջ քննադատություն և ուղղակի շփվելով՝ առանց էմոցիաների:
Ովքեր ինչ որ չափով ճանաչում են ինձ, տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի... Սա զուտ անհանգստություն է և սրտացավություն։
Հարգանքներով Ձեր և յուրաքանչյուր հայի նկատմամբ՝ Սարգիս Գրիգորյան»: