24/12/2019 19:02
Ունենք խաղացանկային այնպիսի բեմադրություններ, որոնք պետք է ներկայացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկին. Աբելյանցիները նորովի են պատրաստվում 2020-ին
Ինչպես բոլոր ոլորտները, մշակույթը ևս ամփոփում է 2019 թվականը: Տարին թատրոնների համար, կարծես թե, առավել բարենպաստ էր: Այդ են վկայում բազմաթիվ առաջնախաղերն ու երկրում ու երկրից դուրս հյուրախաղերը:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանն առանձնացրել է տարվա ձեռքբերումներն ու 2020-ին սպասվող նորարարությունները, ինչն Aysor.am-ը ներկայացնում է ստորև:
113 ներկայացում, 8 առաջնախաղ և 26 հազար հանդիսատես
2019 թվականը աբելյանցիների համար աշխատանքային բուռն ձեռքբերումների տարի էր։ Տարվա ընթացքում ունեցանք 113 ներկայացում, 8 առաջնախաղ և 26 հազար հանդիսատես։
Տարին, թեև աչքի չի ընկնում որպես հյուրախաղային, այնուամենայնիվ, մարզի հանդիսատեսը հիմնականում հասցրել է դիտել Լոռու մայր թատրոնի խաղացանկային ներկայացումները․ հյուրախաղեր ունեցել ենք Ստեփանավանում, Մարգահովիտում, Տաշիրում, Կաթնաջուր համայնքում, ինչպես նաև՝ Իջևանում՝ «Քաղաքացու օր» տոնակատարության շրջանակում (8 ներկայացում)։
Հոկտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցեցինք Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացած «Աբիշ Ալեմի» միջազգային փառատոնին՝ ներկայացնելով Գ․ Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման։
21-րդ դարի պահանջներին համաքայլ
Ոգևորիչ է հատկապես երիտասարդների եռանդը։ Այս տարի թատրոնը տվել է որակյալ և 21-րդ դարի պահանջներին հարիր ներկայացումներ՝ «Վարազդատ» (ռեժ․Ն․ Խեչումյան), «Անուշ» (ռեժ․ՀՀ ժող․արտիստ, թատրոնի գեղ․ ղեկ. Վ․ Շահվերդյան), «Սմբակներ» աբսուրդի դրամա (բեմ․Ա․ Օսիպյան), «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրամա (բեմ. Մ․ Մնացականյան), «Սե՞ր, թե՞ քուանշ» լիրիկական կատակերգություն (բեմ․Ժ․ Գաբրիելյան), «Գրիգոր Նարեկացու աղոթամատյանը» մոնոներկայացում՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի 80-ամյա հոբելյանին (ռեժ․Վ․ Շահվերդյան), «Թանկարժեք դիակ» կենցաղային կոմեդիա (բեմ․Ա․ Մխիթարյան) և «Բուրատինոյի ամանորյա արկածները» (ռեժ․Ս․ Սողոմոնյան)։ Հատկանշական է, որ ստեղծագործաբար համադրվել-ներդաշնակվել են ավանդականն ու նորարար մոտեցումները։
2020-ին թատրոնում կլինեն սկզբունքային փոփոխություններ
2019-ին թատրոնում ստեղծագործել են հիմնականում տեղի ռեժիսորները և դերասանները։ Հաջորդ տարի, սրան զուգահեռ, լինելու են սկզբունքային փոփոխություններ՝ հրավիրյալ ռեժիսորներ ու դերասաններ նույնպես կլինեն, որովհետև ձեռագրերի բազմազանությունը ենթադրում է առողջ գործընկերային հարաբերություններ, առողջ թատերարվեստ ունենալու նախադրյալներից է նաև, ինչպես նաև մշակութային քաղաքականության առաջնահերթություններից։
Շատ կարևոր է թատրոնում զարգացնել մշակութային ռազմավարության տրամաբանությունը՝ քաղաքակրթական համերաշխություն, միջազգային համակեցություն, լիիրավ մասնակցություն միջազգային մշակութային գործընթացներին, ներգրավվածության ակտիվացում, ազգային արժեհամակարգի և ինքնության պատշաճ ներկայացվածություն տարբեր հարթակներում, միջմշակութային կապերի արդիականացում, համագործակցային հնարավորությունների ընդլայնում։
Երբ որևէ թատրոն մեկնում է հյուրախաղի արտերկիր, առաջին հերթին պետք է մեկնի երկիր ներկայացնողի պատասխանատվությամբ՝ լիարժեք կիրառելով մշակութային դիվանագիտության ազդեցությունն ու նորմերը և նպաստելով Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը մշակութային համատեքստում։
Թատրոն + զբոսաշրջություն
2020-ի համար խնդրադրել ենք զբոսաշրջային ոլորտի պատասխանատուների հետ համագործակցության արդյունավետության բարձրացումը։ Ունենք խաղացանկային այնպիսի ներկայացումներ, որոնք կարելի է և պետք է ներկայացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկին, միայն թե պետք է ունենալ ճիշտ և նպատակաուղղված գործիքակազմ՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններին առաջարկելու։
Փիարն ընդամենը հաջողված լուսանկարներ տարածելը և մի քանի տող գրելը չէ
Իհարկե, անելիքները դեռևս առջևում են։ Շատ կարևոր է, որ թատրոնն ունենա խելացի և գրագետ մարքեթինգային քաղաքականություն, գործընկերային ամուր հարաբերություններ և արդյունավետ փիար։ Վերջին հաշվով՝ փիարն ընդամենը հաջողված լուսանկարներ տարածելը և մի քանի տող գրելը չէ, այլ ձեռքբերված ամուր և առողջ գործընկերային հարաբերություններն են, որոնց արդյունքում ընդգծվում է փոխշահավետ հեռանկարը։
Շենքի վերանորոգում 2020-ին
2020-ին թատրոնի շենքը կվերանորոգվի։ Աբելյանցիները սրան բավականին երկար են սպասել։ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով Վանաձորի պետական թատրոնը կունենա գրեթե անճանաչելի փոխված, 21-րդ դարի պահանջներին լիարժեքորեն բավարարող շենք և լուսաձայնային տեխնիկա։
Նոր տարի՝ առանց պարտքի
Մեկ-մեկ կատակով ասում եմ՝ խայտառակ եղանք՝ պարտք չունենք․․․ Իսկապես, մարվել է 2018-ից ժառանգություն մնացած մինչև 4 մլն դրամի պարտքը․ Տարեմուտը ոչ միայն կդիմավորենք առանց պարտքի, այլև ամանորյա ներկայացման մեջ զբաղված ստեղծագործական աշխատակազմը, ինչպես նաև այն աշխատակիցները, ովքեր տարվա ընթացքում հատկապես աչքի են ընկել աշխատանքի նկատմամբ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքով, կունենան խրախուսական անակնկալներ:
Կունենանք նաև հիմնական միջոցների ձեռքբերում, ինչն առավել արդյունավետ և օպտիմալ կդարձնի ամենօրյա աշխատանքը։
2020-ը թող լինի արգասաբեր տարի
Շնորհակալ ենք այն բոլոր գործընկերներին, ում հետ համագործակցության արդյունքում ունենք այն, ինչ ունենք, իսկ 2020-ին ընդառաջ՝ մաղթում եմ, որ այն լինի արգասաբեր ու լուսառատ խաղաղության տարի, որ աստվածառաք սերն ու օրհնությունն անպակաս լինեն Հայաստան աշխարհից․․․