25/12/2019 12:15
Հենց սկզբից էլ ինձ վարկաբեկելու միտումներ են ունեցել, բայց այդ ամենը չկարողացավ իր նպատակին հասնել. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իրեն ոստիկանություն բերման ենթարկելու օրինականության հետ կապված կասկածներ ունի և այդ հիմքով բողոք է ներկայացնելու, որպեսզի գործին ընթացք տրվի։
«Դրա մասին շուտով իրավական մանրամասն հիմնավորումներով հայտարարություն կանեմ։ Սկզբում ինձ բերման են ենթարկել որպես կասկածյալ, իսկ հետո կարգավիճակը փոխվել է և հարցաքննվել եմ որպես վկա։ Երկու պարագայում էլ որևէ հիմք չեմ տեսնում ինձ որպես վկա դիտարկելու կամ որպես կասկածյալ բերման ենթարկելու համար», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
Նա կարծում է, որ հենց սկզբից էլ այդ գործողություններն իրեն վարկաբեկելու միտումներ են ունեցել, քանի որ այլ տրամաբանական հիմք ոստիկանության գործողություններում չի տեսնում.
«Բարեբախտաբար, այդ ամենը չկարողացավ իր նպատակին հասնել և կարծում եմ, որ հիմա գործընթացն արդարության կողմն է»։
Դավիթ Ափոյանն ասաց նաև, թե սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ ինչ-որ «պատահականությունների» արդյունքում ինքը հայտնվում է ոստիկանության բաժանմունքում.
«Ես առհասարակ երկու անգամ եմ հայտնվել ոստիկանության բաժանմունքում։ Առաջին անգամ կանչել էին ԵՊՀ-ում տեղի ունեցած մի գործի շրջանակում, որի ժամանակ ես եղել եմ բանակում ծառայության։ Երկրորդն էլ սա է, և այս դեպքի հետ էլի առնչություն չունեմ, նույնիսկ հեռակա առնչություն չունեմ։ Դրանք հետաքրքիր պատահականությամբ համընկնում են Հոգաբարձուների խորհրդի նիստերի հետ»։
Ուսխորհրդի նախագահն Aysor.am-ին ասաց, որ ինչպես մնացած բոլոր նիստերին, առաջիկա նիստին ևս պատրաստվում է ակտիվ ելույթ ունենալ մի քանի հարցի վերաբերյալ։
«Դրանցից մեկը վերաբերում է ԵՊՀ ռեկտորի ընտրություններին, անհիմն պատճառներով ռեկտորի թափուր հաստիքի համար մրցույթ չի հայտարարվում։ Մնացած հարցերը հոգաբարձուների խորհրդի գործելաոճի հետ են պայմանավորված», - ասաց նա:
Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը երեկ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով համալսարանից բերման ենթարկելուն, ասել էր, թե ոստիկանները Ափոյանին նախապես հրավիրել են հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, ինչից հետո էլ բերման են ենթարկել:
«Նման բան չի եղել։ Չգիտեմ, թե ինչու է ռեկտորի պաշտոնակատարն այդպես տրամադրված։ Ընդհանուր առմամբ, երեկ տեղի ունեցածի վերաբերյալ շրջանառվող բոլոր քննարկումներում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միակ մարդն է եղել, ով փորձել է արդարացնել ոստիկանության գործողությունները», - ասաց Ափոյանը:
Հիշեցնենք՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հարցաքննվել է դեկտեմբերի 20-ին համալսարանի տարածքում հնչած կրակոցների գործով:
Նշենք նաև, որ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ասել է, թե ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն` ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու կապակցությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով։