25/12/2019 11:17
Ավագանու նիստի հանդարտ անցնելը պայմանավորված է Ձեզանով, պարոն քաղաքապետ. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)
Ավագանու նիստի մեկնարկին այսօր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ շարունակելու է իր աշխատանքն ավագանիում՝ հայցելով իր գործընկերներ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Թեհմինա Վարդանյանի ու Անի Խաչատրյանի ներողամտությունը նախորդ շաբաթվա քննարկումներին առաջացած տարաձայնությունների համար:
«Նախոդ շաբաթ քննարկվում էր ԼՀԿ կողմից իմ հետկանչման հարցը: Ես շարունակելու եմ իմ աշխատանք այստեղ, և քանի որ բանավեճը անցել էր հրապարակային դաշտ, ես ու «Լույս» խմբակցության իմ գործընկերները հրապարակային ֆորմատով էինք քննարկումներ անցկացրել: Ուզում եմ ներողամտություն հայցել իմ գործընկերներից բոլոր այն հնարավոր ձևակերպումների հետ կապված, որոնք կարող էին տարաձայնության տեղիք տալ, և ուզում եմ ասել, որ ավագանու նիստի հանդարտ անցնելը պայմանավորված է Ձեզանով, պարոն քաղաքապետ, և հուսով եմ, որ մեր կոնստրուկտիվ հունը նաև Ձեր ջանքերով կապահովվի», - ասաց Խաժակյանը:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ԼՀԿ մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու հարց է առաջացել՝ չբացառելով, որ Դավիթ Խաժակյանը կարող է հետ կանչվել ավագանուց:
Մի քանի օր քննարկումներից հետո ԼՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ Խաժակյանը հետ չի կանչվի ավագանուց: