25/12/2019 15:07
Ի վերջո այս կեղծիքն ինչ-որ տեղ ավարտվելու է. Լևոն Քոչարյան (Տեսանյութ)
Մենք ներսից գիտենք մեղադրանքների փուչ էությունը։ Մեր վստահությունը նրանից է, որ ի վերջո այս կեղծիքն ինչ-որ տեղ ավարտվելու է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Հնարավոր է որոշ ժամանակ խաբել, մոլորեցնել մարդկանց, բայց դա երկար կյանք չի կարող ունենալ։ Չնայած կեղտոտ այս հարձակումներին՝ իշխանության կողմից ուղղորդված արշավները մեր իրական աջակիցների դեմ վկայում են այն մասին, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչնչի առջև չի ուզում կանգ առնել։ Բայց ոչինչ։ Չնայած նրանց այս գործելաոճին՝ այսքան մարդու միանալը, մեզ աջակցելը հույս է տալիս», - ասաց Լևոն Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի որդու խոսքով՝ ինքը երբեք թիկնապահներով չի շրջել, Երևանի փողոցներում ազատորեն շրջել է կնոջ և երեխաների հետ։
«Երբեք նման խնդիր չեմ ունեցել, հիմա՝ առավել ևս։ Հուսադրում է նաև այն, որ փողոցում ինձ կարող են մոտենալ մարդիկ, ներողություն խնդրել, որ հավատացել են ինչ-որ կեղծիքի։ Սա հույս է տալիս։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր գիծը և միանշանակ հաջողություն ենք ունենալու», - իր խոսքը եզրափակեց Լևոն Քոչարյանը։