25/12/2019 15:11
Հնարավոր չէ երկար պահել այս իրավիճակը, ապօրինի կալանքը պետք է վերացվի. Սողոմոնյանը՝ Թավադյանի ձերբակալության մասին (Տեսանյութ)
Ապօրինի կալանքը պետք է վերացվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝անդրադառնալով երեկ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը։
«Հնարավոր չէ երկար պահել այս իրավիճակը, ապօրինի կալանքը պետք է վերացվի, և երկրում վերականգնվի իրավական համակարգը», - ասաց Սողոմոնյանը:
Սողոմոնյանը նշեց, որ օրեր առաջ, երբ հրապարակվեց լուրն այն մասին, որ Քոչարյանի աջակիցներից մեկը փորձել է ստիպել ցուցմունք փոխել, արդեն պարզ էր, որ դա ինչ-որ գործողության նախապատրաստություն է:
«Այսպիսի լուրեր կային, և հիմա պարոն Թավադյանի մասով դա իրականություն դարձավ, նա ձերբակալվեց», - ասաց նա:
Անդրադառնալով Քոչարյանին աջակցություն հայտնած շոուբիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ եղած տրամադրվածություններին՝ Սողոմոնյանն ասաց.
«Այդ կոշտ արձագանքը՝ մշակույթի գործիչների հանդեպ՝ պայմանավորված էր բացառապես մեկ բանով՝ իշխանությունն առաջին օրվանից տարածում էր կեղծ առասպել առ այն, որ հասարակությունը ցանկանում է, որ ամեն գնով նախագահ Քոչարյանը պատժվի, որ նա ատելի մի անձնավորություն է մեր հասարակության մեջ, ու որևէ մեկը պատրաստ չէ նրան պաշտպանել և այդ պատճառով կարելի է նրա հանդեպ հաշվեհարդար տեսնել: Այս 60-ից ավելի մարդկանց միացումը, ապացուցեց, որ դա բացառապես կեղծիք է»: