25/12/2019 14:29
Արդյոք սա նոր Հայաստանն է, թե ԶԼՄ-ների հանդեպ բռնությունների նոր հանգրվանը. Տոնոյան
Նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա հարձակման միջադեպն ինձ համար բացարձակ անընդունելի է։ Բռնություն է իրականացվել։ Սա նոր Հայաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա ուղղակի կամ անուղղակի հարձակման որերորդ դեպքն է, և օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյոք սա նոր Հայաստանն է, թե ԶԼՄ-ների հանդեպ բռնությունների նոր հանգրվանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Ես մի քիչ զգացմունքային եմ այս ամենին արձագանքում նաև այն պատճառով, որ շուրջ 16 տարի աշխատել եմ «Կենտրոն» հեռուստաընկերությունում։ Երեկ կոնկրետ հարձակվել են իմ գործընկրների վրա, և ինձ հետաքրքրում է, թե ուր են այն մարդիկ, ովքեր պարբերաբար խոսում են մամուլի նշանակության մասին, ասում, որ մեր երկրում չորրորդ իշխանության անվտանգությունն ապահովված է՝ առավել քան երբևէ։ Այդ մարդիկ լրատվամիջոցների մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք է «լվանան» իրենց արևմտյան գրանտները։ Ինձ համար զարմանալի է, թե նրանք ինչու ձայն չեն հանում, դատապարտող հայտարարություննր չեն հնչեցնում», - ասաց Իվետա Տոնոյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե ամենասեղմ ժամկետներում վերոնշյալ միջադեպին իրավական հանգուցալուծում չտրվի, և ԶԼՄ ներկայացուցիչների վրա հարձակում գործած անձինք օրենքով սահմանված կարգով չպատժվեն, ինքը լուրջ կասկածներ կունենա, որ այս ամենը տեղի է ունենում առանձին մարդկանց ուղղորդմամբ։
Իվետա Տոնոյանը միաժամանակ տեղեկացրեց, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Վարդուհի Մելտոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կենտրոն» ՀԸ–ի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: