25/12/2019 12:06
Նարեկ Սամսոնյանը շնորհակալ է Արարատ Միրզոյանին իրեն դատի տալու համար
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը շնորհակալ է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին իրեն դատի տալու համար:
«Շնորհակալություն ՀՀ-ում ազդեցությամբ 2-րդ պաշտոնյային ուրախ տոնական տրամադրություն հաղորդելու համար: Հայաստանի Հանրապետության ազդեցությամբ երկրորդ պաշտոնյան դատարանում պետք է ապացուցի, որ ՊԼԱՆՔԱՇ չի!!! Սրանից ավելի ուրախ բան չէր կարող լինել:
Հ.Գ. Ի դեպ ես որևէ ծանուցում չեմ ստացել որևէ մարմնից ու էս նվերի մասին իմանում եմ մամուլից», - Facebook-ի իր էջում գրել է Սամսոնյանը:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին: Նա պահանջում է վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:
Armtimes.com-ը գրում է, որ նոյեմբերի 24-ին Սամսոնյանը գրել էր, թե ԱԺ նախագահն իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու էր գնացել եւ 290 հազար դրամ հաշիվ փակել: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»:
Դրանից հետո Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ իր տարեդարձի առիթով հարազատներին հրավիրել էր խաշի եւ ծախսել գրեթե 290 հազար դրամ գումար։ ԱԺ նախագահը հավելել է, որ Սամսոնյանի գրառման մեջ առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար հայց է ներկայացնելու նրա դեմ: «Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերն ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը», - գրել էր Միրզոյանը:
Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին: